Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է Հայաստանի հետ․․․

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային այն հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին, հայտարարել է երկրի Ժողովրդական ժողովի միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ պատգամավորի, Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել խոշոր տարածաշրջանային նախագծերին, և ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսեցին քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը, ապա Աբխազիան չպետք է անտարբեր մնա: Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի են ունեցել ընդլայնված հանձնաժողովի լսումներ` քննարկելու տարբերակներ, որոնք պետք է օգտագործվեն այս հարցում հաջողության հասնելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամին մերթընդմերթ հարվածներ է հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Արդյունքում՝ Ադրբեջանի կողմից օկուպացվել է Արցախի մեծ մասը։ Նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: