Հայաստանում տեքստիլ արդյունաբերությունը լուրջ մարտահրավերների առաջ․

Փետրվարի 1-ից բիզնեսի համար հոսանքի թանկացմամբ, Թուրքիայից ներմուծման-արտահանման արգելքի ժամկետը լրանալուց հետո անորոշ հեռանկարով, տեղական հումքի բացակայությամբ, ներկրվող կասկածելի եւ էժան ապրանքի հետ անհավասար մրցակցությամբ եւ այլ խնդիրներով պայմանավորված Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները հայտնվել են լուրջ մարտահրավերների առաջ։

Տեքստիլի մասնագետները NEWS.am–ի հետ զրույցում շեշտել են, որ Հայաստան թուրքական արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելքը մշուշոտ վիճակ է ստեղծել։ Տեղական արտադրողները մտահոգված են, որ երբ իշխանությունները 6 ամիս հետո կամ գուցե ավելի շուտ վերացնեն թուրքական հագուստի ներկրման արգելքը, իրենք դարձյալ չեն դիմանա էժան արտադրանք առաջարկող թուրքական հզոր տեսքտիլ արդյունաբերության հետ մրցակցությանը։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ տեքստիլ արտադրանքի ներմուծման ծավալները (61-62 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքեր) 2018 և 2019 թվականներին կազմել են համապատասխանաբար 181 մլն և 156,6 մլն դոլար: Այդ տարիներին արտահանվել է 210,8 մլն և 165,5 մլն դոլարի ապրանք: Ներմուծվել է հիմնականում Չինաստանից, Թուրքիայից, Իտալիայից, Բանգլադեշից, ԵՄ երկրներից և Ռուսաստանից, արտահանման հիմնական ուղղություններն են եղել Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան: 2019-ին միայն Թուրքիայից ներկրվել է շուրջ 37 մլն դոլարի հագուստ կամ հագուստի ընդհանուր ներկրման քառորդ մասը (22,5 տոկոսը)։

Տեքստիլ արդյունաբերության կարևորագույն խնդիրներից է կասկածելի ծագումով և որակով հագուստի հայտնվելը ներքին շուկայում․ ներմուծման դեպքում որակի հավաստագրի առկայությունը պարտադիր չէ։ Հայտնի օրինաչափություն է, որ հայ սպառողները, հնարավորություն չունենալով գնել համեմատաբար թանկ, սակայն որակյալ արտադրանք, նախընտրում են ավելի մատչելի և կասկածելի որակով ներմուծված հագուստը: Ուստի, հագուստ վերավաճառողները նախընտրությունը տալիս են թուրքական ապրանքներին:

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի կեսերին՝ անցած տարվա հոկտեմբերի 20-ին, կառավարությունը ժամանակավոր արգելք դրեց (N1708-Ն որոշում) մեր երկիր թուրքական ծագման պատրաստի, այդ թվում՝ տեքստիլ, արտադրանքի ներմուծման վրա: Ըստ մասնագետների՝ առաջին հայացքից, այս որոշումը լայն հեռանկարներ կարող է ստեղծել տեղական արտադրողների համար՝ լրացնելու թուրքական պատրաստի արտադրանքի բացը շուկայում, եթե, իհարկե, այն չփոխարինվի մեկ այլ երկրի մրցակցային արտադրանքով:

Սակայն 6 ամսվա արգելքը բավարար չէ տեքստիլ ոլորտում ներդրումների համար, քանի որ մեծ է հավանականությունը, որ կառավարությունը կես տարի անց կամ, հնարավոր է, ավելի շուտ վերացնեն թուրքական հագուստի ներկրման արգելքը, եւ տեղական արտադրողները պարզապես չեն կարողանա մրցակցել թուրքական էժան տեքստիլի հետ։ Բիզնեսի համար անորոշությունը լուրջ խոչընդոտ է նոր նախագծեր ձեռնարկելու համար։

Հայկական տեքստիլ արդյունաբերությունը բախվում է նաեւ տեղական հումքի արտադրության բացակայության խնդրին: Հայաստանը ամբողջությամբ կախման մեջ է դրսից ներկրվող հումքից, իսկ այն հիմնականում ներմուծվում է Թուրքիայից: Մինչև Թուրքիայի հանդեպ պատժամիջոցները՝ Հայաստան ներմուծվում էր մեծածավալ թուրքական հումք, հիմնականում հավաքական բեռնափոխադրումներով:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա է պատրաստի արտադրանքի ներմուծման արգելք, որը դրական ազդեցություն է ունենալու տեղական արտադրողների համար, միաժամանակ, սակայն, բարդացնում է փոքր արտադրամասերի աշխատանքը, որոնք գործվածքը ներմուծում էին փոքր ծավալներով և հավաքական բեռներով: Թուրքականը այլ երկրների հումքով փոխարինելու դժվարությունը պայմանավորված է ավելի մեծ ծավալներով պատվիրելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հումքը Հայաստան հասցնելու արագությամբ ու ճանապարհային ծախքերով:

Արտահանման դժվարություններից տեքստիլի հոգսերին քաջատեղյակ մասնագետները առանձնացնում են լոգիստիկ ծախսերը, որոնք հայկական ապրանքը արտաքին շուկայում դարձնում են ոչ մրցունակ: Կան նաև որոշակի բարդություններ ԵՄ երկրներ հագուստ արտահանելու դեպքում, ինչը հիմնականում պայմանավորված է արտոնագրման և սերտիֆիկացման կոշտ պահանջներով: Այս ամենից բացի, թուրքական հումքի օգտագործումը հաճախ թույլ չի տալիս արտադրանքին տալ հայկական ծագում, որի պարագայում հնարավոր կլիներ օգտվել ԵՄ տրամադրած GSP+ արտոնությունների ընդլայնված համակարգից:

Եվս մեկ կարեւոր հանգամանք. փետրվարի 1-ից բիզնեսի համար 3 դրամով կամ 8 տոկոսով ավելացել է էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ տեքստիլ արդյունաբերության մեջ այդ ծախսերը փոքր չեն։ Դրանք ավելի են մեծացնում հայկական արտադրանքի ինքնարժեքը՝ նվազեցնելով մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։

Ոլորտի մասնագետները ընդգծում են, որ Հայաստանում լավ ավանդույթներ ունեցող թեթև արդյունաբերության և հատկապես տեքստիլի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն։ Հաշվի առնելով հանգամանքը, որ տեղական շուկան փոքր է, անհրաժեշտ է նաև պետական մակարդակով քայլեր ձեռնարկել տեսքտիլ արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված, մեր երկրում արտադրվող արտադրանքի համար բացվող 182 մլն սպառող ունեցող շուկան: Արամ Աճեմյան

(Visited 110 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: