Հայաստանը գործնականում հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլի մասին, որը հնարավոր է գնահատել ըստ էության ամենավտանգավոր և պատասխանատու փուլ, որը, միևնույն ժամանակ, թերևս անխուսափելի փուլն է: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է համաճարակի դեմ ապակենտրոն պայքարի մասին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին մեկուսացման վայրերից տուն կուղեկցվեն կորոնավիրուսի վարակ ունեցողները, և այսուհետև, բոլոր քաղաքացիները, որոնք կլինեն առանց ախտանշանի կամ թույլ՝ կլինիկական բուժման պայման չենթադրող ախտանշանով վարակակիր, կբուժվեն տանը, կմեկուսանան տնային պայմաններում: Ըստ նախարարի՝ դա արվում է հիվանդանոցային ռեզերվի ծանրաբեռնվածության համար, որպեսզի այդ հարցը աճող վիճակագրության պայմաններում լինի կառավարելի:
Հայաստանը հասել է բավականին հակասական կետի: Տնտեսությունը բացվում է, որովհետև անհնար է այն պահել փակ՝ դա կսպանի պետությունը, մյուս կողմից վարակը ակնհայտորեն չի մոտեցել վիճակագրական պիկին, և որքան բացվում է կյանքը, այնքան աճում է վիճակագրությունը:
Ըստ այդմ, աճում է ծանր դեպքերի թիվը: Դրանք ներկայումս մոտ 100 են, սակայն աճը կարող է լինել արագ, հետևաբար պետք է ազատել հիվանդանոցային մահճակալները ավելի թեթև, կամ ընդհանրապես ախտանիշ չունեցողներից: Դա նշանակում է, որ վիճակագրությունը կարող է աճել ավելի մեծ թվով, ինչը նշանակում է, որ վարակը պարզապես բաց է թողնված, և, ըստ այդմ, կա երկու խնդիր:
Մեկը՝ առանցքային է դառնում յուրաքանչյուր քաղաքացու անհատական վարքագիծ, իսկ մյուսն այն է, որ այդպիսով Հայաստանում նաև պետք է ձևավորվի վարակի դեմ բնական իմունային պատնեշ՝ վարակված և առողջացած անձանց որոշակի տոկոսով, որն, ըստ մասնագետների՝ 25-40 տոկոսն է: Այդ պատնեշն է, որ մինչ պատվաստանյութի առկայությունը պետք է կասեցնի պանդեմիան և տանի մարման:
Այդպիսով, մի կողմից մենք մտնում ենք բաց՝ վտանգավոր փուլ, մյուս կողմից այլ տարբերակ պարզապես չկա, որովհետև, ի վերջո, անհնար է անվերջ փակ սպասել պատվաստանյութին, և որքան ուշ բացվենք, այնքան ուշ ենք լինելու վտանգավոր փուլում:
Իսկ ամառային եղանակն այդ իմաստով լավագույն շրջանն է, կամ պատեհ շրջանն է, որովհետև այդօրինակ վարակները չեն անհետանում, սակայն դրանց տարածման ռիսկը կամ տեմպը՝ եղանակով պայմանավորված, որոշակիորեն նվազում է: Միով բանիվ, Հայաստանը թևակոխում է անհատական պատասխանատվության մի շրջան, որտեղ ամեն մի քաղաքացուց է կախված պետության ապագան՝ առանց չափազանցության:
Գերխնդիրն, անշուշտ, մեծահասակներին և քրոնիկ հիվանդություն ունեցողներին պաշտպանելն է, որպեսզի առավելագույնս ցածր լինի մահվան վիճակագրությունը: Հայաստանը հաղթահարելու է պանդեմիան, կասկած ունենալ պետք չէ, պարզապես պետք է ունենալ այդ հաղթահարման հարցում անձնական, անհատական պատասխանատվության առավելագույն զգացում: Ի վերջո, դա է լինելու հաղթահարման գլխավոր գործոնը:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի