Առողջապահության նախարարությունը շատ գրագետ որոշում է կայացրել

«Առողջապահության նախարարը, կառավարությունը շատ ճիշտ, հրաշալի որոշում են կայացրել։ Կարելի էր այդ որոշումն ավելի վաղ կայացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով նախարարի այն որոշմանը, ըստ որի՝ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում։

Նախարարի խոսքերով՝ այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից:

«Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։ Խնդրում և կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց:

ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե՛ մեթոդական հարցերի, թե՛ կոնկրետ պացիենտների վերաբերյալ:

Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվեն աշխատանքային կարգով: Ձեր նվիրումի և պատասխանատվության վրա է հենվելու նաև այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարի արդյունավետությունը: Մենք բոլորս միասին պետք է հաղթահարենք այն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդությունների դեպքերի անընդհատ մեկուսացումը, օջախների նկատմամբ մանրակրկիտ վերահսկողություն իրականացնելն ու վարակակիրներին հայտնաբերելն ու նրանց հատուկ պայմաններում պահելը իմաստազուրկ է։

«Սկզբում, այո, նախարարությունը գնաց այդ ճանապարհով՝ օջախներ հայտնաբերելով, վարակակիրներին մեկուսացնելով։ Դա ճիշտ էր։ Այդ ժամանակ վարակը նոր էր, հարկավոր էր ճանաչել այդ վարակը, տեսնել, գնահատել կարողությունները, որը և նախարարությունը իրականացրեց։

Եթե համաշխարհային վիճակագրությանը հետևենք, ապա կտեսնենք, որ այս մոտեցումն իրեն արդարացրել է։ Այսինքն՝ ծանր, հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերը հիվանդանոցում են, իսկ թեթև, անսիմպտոմ դեպքերը՝ տանը։

Պարզապես հարկավոր է, որ մեր ընտանեկան բժիշկներն ու տեղամասային թերապևտները առաջնային բուժօգնության օղակից վերակրթվեն ու արագ ինտեգրվեն այս աշխատանքներում»,- ասաց նախկին նախարարը՝ հավելելով, որ այս անցումը շատ արագ ու հեշտ է լինելու, քանի որ մասնագետները վերապատրաստված են ու վիրուսային հիվանդություններին քաջատեղյակ են, մնացած առանձնահատկություններին էլ հնարավոր է արագ, օնլայն եղանակով վերապատրաստվել օրերի ընթացքում։

Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ եթե ավելի վաղ կայացվեր անսիմպտոմ պացիենտներին հիվանդանոցներում և հյուրանոցներում չմեկուսացնել, ապա հնարավոր կլիներ բավականին մեծ միջոցներ խնայել՝ հյուրանոցների վճարումները, սննդի ապահովման ծախսերը։ «Բավականին մեծ միջոցներ հիմա կարող ենք խնայել, բայց առողջապահական համակարգը, ավելի վաղ այդ որոշումը չկայացնելով, կարողացավ խուսափել ծանր դեպքերից, կոլապսից ու հիմա էլ հնարավոր կլինի դա անել, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի»,- ասաց Մկրտչյանը։

Մեր դիտարկմանը՝ ռիսկ չկա՞, որ անսիմպտոմ հիվանդները, տանը մնալով, հնարավոր է ավելի մեծ թվով մարդկանց վարակեն, թեկուզ միայն տան անդամներին, և դա չի՞ կրկնապատկի հիվանդների թիվը, նախկին նախարարը պատասխանեց. «Առաջնային օղակի մասնագետները պետք է ընտանիքներին ցուցումներ տան, սովորեցնեն, թե համատեղ ինչպես պետք է ապրեն հիվանդների հետ։ Այս փորձը բացվական ժամանակ է՝ կիրառվում է արդեն Ամերիկայում, ՌԴ-ում։ Մեծ թվով հիվանդներ գտնվում են տանը և բուժում են ստանում։

Տանը հիվանդի առկայության դեպքում մի քանի կանոն պետք է պահպանվի, իսկ եթե տանը չկան մեծահասակներ, քրոնիկ հիվանդներ, ապա որևէ ռիսկ չկա, իսկ եթե լինեն նման դեպքեր, ու անհնար լինի կորոնավիրուսով հիվանդին տանը պահել, ապա նա կմեկուսացվի, քանի որ այս որոշման դեպքում բավականին ազատված հիվանդասենյակներ ու հյուրանոցներ կլինեն»։

Նախկին նախարարը շատ ճիշտ է համարում նաև բոլոր տեսակի սահմանափակումների հանելը։ Նրա խոսքերով՝ հենց այս որոշման արդյունքում է, որ աշխարհի շատ երկրներում արդեն կայունացման պրոցես է գնում, կամ հիվանդությունը նահանջում է։ «Պատվաստանյութ կա, դեղամիջոց կորոնավիրուսի դեպքում չկա, մեծ թվով վարակվածության աստիճան կա։ Այսինքն՝ այդ հասարակություններում ստեղծվեց անընկալ մի շերտ, որը արդեն հարուցիչ է ընդունել, հիվանդացել է, և այդ շերտով մի պատնեշ է ստեղծվում, որից հետո դեպքերը սկսում են նվազել։

Այսինքն՝ մենք էլ պետք է գնանք այդ ճանապարհով՝ բացվենք, որ մեր հասարակության շրջանում էլ այդ պատնեշը ստեղծվի, ու հնարավոր լինի գնալ դեպի հիվանդացության նվազում։ Այնպես որ, ես բոլոր տեսակի սահմանափակումները հանելը շատ դրական եմ գնահատում։ Վարակվածության դեպքում այս վիրուսը դուրս կգա, կվերափոխվի սեզոնային գրիպի, էլի կհիվանդանանք ու ավելի թույլ կլինի այդ վարակը, կստեղծվի հակավիրուս, ու վերջապես պանիկան կանցնի։

Այնպես որ, ես ողջունում եմ նախարարության որոշումը, շատ գրագետ որոշում է կայացված։ Պարզապես մեր հանրությունը պետք է մի քիչ զգոն լինի, շրջեն դիմակներով, պահպանեն հեռավորություն, խուսափեն մեծ հավաքներից։ Ամեն ինչ շատ պարզ է»,- եզրափակեց Արարատ Մկրտչյանը։

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: