Երեկ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ոստիկանության Գավառի բաժնի փորձաքրեագետները:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ:
Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան հետքեր: Դեպի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանի, պետի տեղակալ Ակսել Մանուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ալիկ Սուքիասյանի, Թորգոմ Չանդոյանի, Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ: Քիչ առաջ Գավառ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, ովքեր ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել Գավառում: Հսկողության տակ է վերցվել նաև Գավառի հիվանդանոցը: Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները:
Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները:
22:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել սպանության վայրից վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն այնքան շատ են եղել, որ ոստիկանները չեն կարողացել նրանց դեմն առնել, ինչից հետո վիրավորներց 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել, վնասելով մեկի պարանոցը, ովքեր, ըստ հիվանդանոցի մոտ հավաքված քաղաքացիների, մահացել են:
Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև մի քաղաքացի, ով սպանվածների բարեկամն է եղել ու նրան հիմա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը: Այս պահին էլ Երևանից Գավառ են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր, մի մասն էլ հսկողություն է իրականացնում Նորատուս գյուղում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի