Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։30-ի սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի 35 TR 542 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռև անհայտ հանգամանքներում Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից սարային հատված բարձրացող գոտում կորցրել է ավտմեքենայի կառավարումը և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբբ՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ըստ դեպքի վայրում հավաքվածների, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը 8 տարեկան երեխա է, ով այրվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են Երևանի այրվածքաբանության կենտրոն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: