Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ 55 տարի առաջ՝ 1965թ. Արևելյան Հայաստանում առաջին, դեռևս անհամարձակ քաղաքական փորձը եղավ ապրիլի 24-ին պաշտոնապես անդրադառնալու Հայոց ցեղասպանության թեմային, բայց1965-ին ԽՍՀՄ Կոմկուսին զգաստացրել էր Հայաստանում հասարակության կողմից հնչած «հողերը, մեր հողերը» բառերը:
Դրան հաջորդած տարիներին զոհերի հիշատակի ամենամյա անդրադարձը սկսեց կայունանալ և զարգանալ՝ միշտ մնալով իշխանությունների աչալուրջ վերահսկողության տակ՝ «սգացեք, հիշեք զոհերին, խոսեք Աբդուլ Համիդի, երիտթուրքերի, Օսմանյան կայսրության մասին, բայց մոռացեք հողերը, Մուստաֆա Քեմալին, Թուրքիայի հանրապետությունը»: Սգում և Աբդուլ Համիդի մասին խոսում էինք «վերևում»՝ Ծիծեռնակաբերդում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, գրքերով, հողերի և Մուստաֆա Քեմալի մասին խոսում «ներքևում»՝ ընկերական հավաքներում, ընտանիքներում:
Ապրիլի 24-ը փոփոխվում էր թե՛ ծիսականորեն, թե՛ բովանդակության հստակեցմամբ՝ ընդհուպ մինչև 100-րդ տարելից, երբ «զոհերին հիշելուն և նրանց հիշատակը հարգելուն» գումարվեց նաև, ըստ էության, պաշտոնապես ձևակերպված «պահանջատիրություն» իմաստը՝ «հիշում ենք և պահանջում»: Բայց նոր «դերակատար» խորհրդանիշը՝ անմոռուկը միայն հիշողության հետ կամ մասին էր խոսում, դեռևս կոնկրետ չի հնչել, թե «ինչ ենք պահանջում»:
Անմոռուկը հիշողության, ոչ թե պահանջատիրության խորհրդանիշ է: 54 տարիների ընթացքում միմյանց հետ վիճելով, միմյանց դեմ կռվելով, միմյանց համոզելով, միմյանց դրդելով կամ զսպելով, նաև պատժելով Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները նախ՝ հակոտնյա, ապա՝ զուգահեռ և խաչվող էին: Նույնիսկ երբ արդեն կայունացել էր հիշատակի ուխտագնացության ծեսը Ծիծեռնակաբերդ:
Առավոտը իշխանություններինն էր, որից հետո սկսվում էր հասարակական երթը: Երեկ, ցավալի դիպվածի բերումով, ամեն ինչ խախտվեց: Ամեն ինչ կազմակերպվեց իշխանությունների կողմից, հասարակության մասնակցությունը Ծիծեռնակաբերդում հեռակա էր, և միայն իշխանությունն էր ֆիզիկապես ներկա: Արդյոք սա խորհրդանշակա՞ն է և կարող է բերել հիշելու/պահանջելու և դրանց դերակատարների պատասխանատվության կշեռքի նժարների ծանրության փոփոխության և տարբերության»: